«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, սիրված երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին: Առաջին ալիք հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում են, որ Սիրուշոն փորձերից մեկի ընթացքում անսպասելի այցելել է մասնակիցներին, ծանոթացել նրանց հետ, կիսվել իր եվրատեսիլյան փորձով, ունեցած տպավորություններով: «Որքան էլ լավ անեք Ձեր գործը, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ դա պետք էր անել այլ կերպ: Պետք չէ ուշադրություն դարձնել դրա վրա: Արեք այն, ինչ ձեր սիրտն է ասում եւ միտքը թելադրում. երգեք սրտի խորքից»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ մեծ հաճույք է լինել եվրատեսիլյան հյուրընկալ ընտանիքի անդամ:
Հիշեցնենք, որ Սիրուշոն «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 2008 թ-ին՝ ներկայացնելով «Քելե-Քելե» երգը: Նրա գրավել է 4-րդ հորիզոնականը: Այժմ էլ Սիրուշոն ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում: Վերջերս նա ներկայացրել է «Where were you» (Կգա մի օր) երգը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: